Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Վախի կառավարում, կամ ինչպես ապրել կատարյալ անվտանգության մեջ՝ հրաժարվելով շնչելուց

Վախի կառավարում, կամ ինչպես ապրել կատարյալ անվտանգության մեջ՝ հրաժարվելով շնչելուց
04.10.2026 | 16:45

Պետությունը ղեկավարելու երկու ճանապարհ կա․ առաջինը՝ մարդկանց տալ հույս, աշխատանք և արժանապատվություն, որը, համաձայնեք, չափազանց հոգնեցուցիչ ու անշնորհակալ գործ է։ Երկրորդը՝ նրանց տալ վախ։ Վերջինս հանճարեղ գյուտ է. վախեցած մարդը հաց չի պահանջում, նա պահանջում է միայն թաքստոց, իսկ թաքստոց խոստանալն անհամեմատ ավելի էժան է, քան ապագա կառուցելը։
Վերջին շրջանում մեր քաղաքական միտքը հասել է բարձրագույն իմաստնության. աշխարհում ամեն ինչ հայտարարված է սպառնալիք։
Եկեղեցին սպառնալիք է, որովհետև դարերով սովորեցրել է հավատալ ինչ-որ բանի, որն ավելի բարձր է, քան օրվա քաղաքական հայտարարությունը։ Մշակույթը սպառնալիք է, որովհետև հիշողություն է արթնացնում, իսկ հիշողությունը, ինչպես հայտնի է, կատարյալ խաղաղության ամենավտանգավոր թշնամին է։ Ինքնապաշտպանությունը՝ առավել ևս. չէ՞ որ սեփական տունը պաշտպանելու ցանկությունը կարող է անհանգստացնել դրսի հարևաններին, իսկ նրանց անհանգստացնելն արդեն իսկ մահացու մեղք է։
Համոզված եմ՝ հեռու չէ այն լուսավոր օրը, երբ մեր մայրենի լեզուն նույնպես պաշտոնապես կհայտարարվի պետական անվտանգության սպառնալիք։ Չէ՞ որ հայերենի բայերը պահանջում են գործողություն, գոյականները՝ գոյություն, իսկ «արժանապատվություն» բառն ընդհանրապես հակասում է ներկայիս դիվանագիտական էթիկետին։ Lռությունը, անասնական լռությունը, ահա՛ մեր նոր ռազմավարական բառարանը։
Բայց ամենահիանալին այս ամենում հանդիսատեսն է՝ ամբոխը։ Նա ծափահարում է։ Նա լսում է, որ իր տան պատերը քանդելն արվում է հանուն իր անվտանգության, և խոր համաձայնությամբ գլխով է անում։ «Եթե տուն չունենանք, մեզ վրա ոչ ոք չի հարձակվի»,- մտածում է հպարտ քաղաքացին և ոգևորությամբ օգնում քանդել վերջին հիմնասյունը։
Այժմ մեր կյանքի գլխավոր կանոնը հետևյալն է․ անգամ ամենապայծառ, կեսօրյա արևի տակ դուք իրավունք չունեք մոռանալու մութ գիշերվա սարսափների մասին։ Արևը վտանգավոր է, այն ձեզ տեսանելի է դարձնում։ Ամենաանվտանգ տեղը մութ նկուղն է, որտեղ չկա լույս, չկա մշակույթ, չկա լեզու, և ամենակարևորը՝ չկա ապագա։
Շնորհավորում եմ. մենք վերջապես գտել ենք կատարյալ անվտանգության բանաձևը՝ դա կատարյալ չգոյությունն է։

Էմին Մարտունի
Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ